Ֆրանսիան մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկների պակասի պատճառով ավելի քան 60 միլիարդ դոլար է կորցրել
Ֆրանսիական զբոսաշրջության արդյունաբերությունը 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, 61 միլիարդ եվրո եկամուտ է կորցրել: Դա պայմանավորված է համավարակով, որի պատճառով մարտ ամսից օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանումը երկիր գրեթե ամբողջությամբ դադարեցվել էր:
Covid-19-ի համավարակն անցյալ տարի 41 տոկոսով կրճատել է զբոսաշրջության եկամուտները Ֆրանսիայում` մինչեւ 89 մլրդ եվրո: Սա շահույթի 61 միլիարդ եվրոյի կորուստ է ոլորտի համար, France 2-ի եթերում ասել է զբոսաշրջության պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանը:
Ըստ Atout France պետական գործակալության` ներքին տուրիզմից եկամուտները նվազել են 29 միլիարդ եվրոյով (-48 տոկոս) եւ 32 միլիարդով` արտասահմանյան զբոսաշրջությունից (-52 տոկոս), հայտնում է RFI-ն:
Սահմանների ամառային բացումը հնարավորություն տվեց ինչ-որ կերպ հարթել իրավիճակը, երբ երկիր կարողացան այցելել զբոսաշրջիկները հիմնականում եվրոպական հարեւան երկրներից: Բացի այդ, շատ կարեւոր էր այն փաստը, որ ավելացավ նաեւ ֆրանսիացիների թիվը, ովքեր որոշեցին արձակուրդն անցկացնել տեղական հանգստավայրերում:
Չնայած նրան, որ համավարակը դեռ բուռն ընթացքի մեջ է, Ֆրանսիայի իշխանությունները 2021 թվականի համար ավելի լավատեսական կանխատեսումներ ունեն. Atout France-ը Ֆրանսիայում զբոսաշրջության ոլորտի եկամուտները 111 միլիարդ եվրոյի չափով է կանխատեսում (անցյալ տարվա համեմատ +25 տոկոս):
Հիմնական հույսը (+48 տոկոս աճ) օտարերկրյա զբոսաշրջիկների վրա է, նշվում է կանխատեսման մեջ:
Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելվող երկիրն է, 2019 թվականին այն 90.2 միլիոն զբոսաշրջիկ է այցելել:
Կարծիքներ