Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝ արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ կապված․ Նազելի Բաղդասարյան

Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝ արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ կապված․ Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Կարևորելով կառավարություն-համայնք համագործակցությունը և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մշտադիտարկումը` մարզպետը նշել է․ «Խնդիրը պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի վերահսկողությունն ու թերացումների բացառումն է և սուբվենցիոն ծրագրերի մասով, և կապիտալ շինարարության առումով։

Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝  կապված արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ։ Կառավարության միջոցներից շուրջ կես միլիարդ դրամ է ներդրվել և  արդեն մեկ տարի է՝ շահագործման չեն հանձնվել»։

Գյումրու ավտոբուսային նորաստեղծ պարկի  ղեկավարը ներկայացրել է, որ գրությամբ դիմել է համայնքապետին` ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրով,  ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրները սեղմ ժամկետներում կլուծվեն և մեքենաները առաջիկայում կշահագործվեն։

Մարզպետն անդարադարձ է կատարել Մուշ 2/2 թաղամասի հարապարակի բարեկարգման աշխատանքներին, որոնք ձգձգվում են արդեն 3 տարի և մտահոգիչ համարել աշխատանքների ընթացքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%, կառավարության համամասնությունը մարզպետարանի կողմից ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտված չեն։ Ոլորտային պատասխանատուներից  այս  և մյուս թերացումներով ծրագրերի ընթացքի և ավարտի հետ կապված հարցերի մասին պարզաբանումներ լսելուց հետո` մարզպետը հորդորել է հետևողական լինել և անել հնարավորն աշխատանքների արագ ու որակով ավարտի համար։

«Պետք է զգոն լինենք, որ անբարեխիղճ շինարարների նկատմամբ լինի համապատասխան վերաբերմունք։ Լիահույս եմ, որ կառավարության վերջին նիստում  ՀՀ վարչապետի հանձնարարականն ի գիտություն կընդունվի և գործուն մեխանիզմներ կներդրվեն, որի արդյունքում անբարեխիղճ կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա մրցույթներին մասնակցելու»,-ասել է Բաղդասարյանը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրի համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը,  գործընթացը գնահատվել է բավարար, համայնքը հաշվետու ժամանակաշրջանում արձանագրել է դրական արդյունքներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ փաստացի 190 մլն դրամ ավել գումար է հավաքագրվել,  ինչն, ըստ մարզպետի, խոսում է այն մասին, որ գոյացած ստվերը դուրս է եկել։

Նազելի Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել բնակկոմունալ ծառայության վերջին ամիսների աշխատանքից` նշելով, որ արձանագրված հաջողությունները պետք է պահպանել և առավելապես հետևողական լինել ձմռան ամիսներին պատրաստ լինելու հարցում։

Խոսելով համայնքային ծառայության ժամանակավոր պաշտոնների և ՀՈԱԿ-ներում ԺՊ-ների հարցի մասին` փաստվել է, որ համայնքային ծառայողների շուրջ մեկ երրրոդը ժամանակավոր պաշտոն են զբաղեցնում, իսկ ՀՈԱԿ-ներում ղեկավար պաշտոննեիի համար տարիներով մրցույթներ չեն հայտարարվում։

Մարզպետը նշել է, որ հարցը պետք է լուծում ստանա և կառավարության հաստատած կարգի համաձայն մինչև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները բոլոր թափուր հաստիքների համար պետք է մրցույթներ հայտարարվեն։

Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, ապա վստահեցվել է` այս հարցում լինելու է զրո հանդուրժողականություն,  համայնքապետարանը պետք է լիարժեք իրականացնի լիազորությունները։

Քննարկվել են նաև փողոցային լուսավորության ժամերի երկարաձգմանը, պաշտոնական գրություններին ժամկետներում և բարեխղճորեն պատասխանելուն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում