ԵՄ-ն պատրաստվում է ավելի ուժեղ հարվածել ՌԴ-ի տնտեսությանը

ԵՄ-ն պատրաստվում է ավելի ուժեղ հարվածել ՌԴ-ի տնտեսությանը

Ուկրաինայում հակամարտության սրումն ու ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 70 օրից ավելի:

Իրավիճակը ճակատներում մայիսի 4-ին՝ պատերազմի 70-րդ օրը, դատելով հաղորդագրություններից, դարձյալ էական փոփոխությունների չի ենթարկվել։

Ռուսական կողմը նկատելի տարածքային ձեռքբերումների մասին չի հայտնել։

Ուկրաինայի գլխավոր շտաբը հաղորդել է, որ ռուսական զորքերը չորեքշաբթի շարունակել են Իզյումից դեպի հարավ՝ Լիման և Սևերոդոնեցկ  առաջխաղացման փորձերը Խերսոնի և Նիկոլաևի շրջանների սահմանին, ինչպես նաև հարավում վերսկսել են Մարիուպոլի պաշարված «Ազովստալ»-ը գրոհելու փորձերը, բայց ոչ մի տեղ, ըստ ուկրաինացի զինվորականների, դրանք հաջող չեն եղել:

Միաժամանակ, եվրահանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլի նախագիծը, որը կարող է լուրջ հարված հասցնել ռուսական տնտեսությանն ու բյուջեին։

Եվրահանձնաժողովն առաջարկում է.

աստիճանաբար էմբարգո մտցնել ռուսական նավթի ներմուծման վրա.
անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, ինչպես նաև Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի գլխավոր վարկային բանկը SWIFT համակարգից.
արգելել երեք ռուսական հեռարձակողների թողարկումը Եվրոպայում.
ընդլայնել պատժամիջոցների ցանկը՝ ներառելով բարձրաստիճան զինվորականներին և այլ անձանց, ովքեր ներգրավված են Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։
Նավթի էմբարգոն, փողի առումով, պոտենցիալ ամենահզոր միջոցն է, որը Եվրոպան կիրառել է կամ կարող էր կիրառել Կրեմլի նկատմամբ: Ռուսական նավթի արտահանման 60%-ը ուղղվում է Եվրոպա։

Պատերազմի երկուսուկես ամիսների ընթացքում ԵՄ-ն Ռուսաստանին վճարել է ավելի քան 20 միլիարդ եվրո նավթի համար և ավելի քան 30 միլիարդ եվրո՝ գազի համար, սակայն եվրոպական մի քանի երկրներ մոտ ապագայում չեն կարող հրաժարվել գազից՝ առանց իրենց տնտեսություններին չափազանց մեծ վնաս հասցնելու:

Ըստ Բրյուսելի, որոշ երկրների՝ առնվազն Հունգարիային և Սլովակիային, հարկավոր կլինի առավել դանդաղ ազատվել Ռուսաստանի նավթային կախվածությունից, քան մյուսները, քանի որ այդ կախվածությունը բավական մեծ է:

«Դա հեշտ չի լինի: Եվրամիության որոշ անդամներ մեծապես կախված են ռուսական նավթից: Մենք հոգ կտանենք ռուսական նավթի դուրսբերման մասին: Մենք հնարավորինս կավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ նվազագույնի հասցնելով ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- BBC-ի փոխանցմամբ, այս մասին երեկ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Պատժամիջոցների նոր փաթեթը պաշտոնապես կհաստատի Եվրամիությունը և այն ուժի մեջ կմտնի մի քանի օրվա ընթացքում։ Ճիշտ է, Հունգարիայի կառավարությունը շարունակում է ասել, որ չի աջակցի Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկին՝ կապված նավթի էմբարգոյի հետ, ուստի հունգարացիների հետ բանակցությունների պատճառով  ամբողջ գործընթացը կարող է հետաձգվել։

Ի դեպ, Մեծ Բրիտանիան ևս մեկ անգամ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նոր միջոցառումների շարքում գլխավորը Ռուսաստանին և նրա ընկերություններին կառավարման խորհրդատվական, հաշվապահական և PR ծառայություններ մատուցելու արգելքն է։

Բացի այդ, Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Կամազ»-ի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության, մի քանի փոքր ռուսական հրատարակությունների և ռուսական հեռուստաընկերությունների մի շարք աշխատակիցների ու մեկ թերթի նկատմամբ, մասնավորապես՝ Առաջին ալիքի «Օդնակո» հաղորդաշարի հաղորդավարի և Rosneft-ի փոխնախագահի, Միխայիլ Լեոնտևի, VGTRK-ի հաղորդավար և հաղորդումների հեղինակ Նաիլա Ասկեր-Զադենի, VGTRK-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիի, «Կոմսոմոլսկայա պրավդա»- ի թղթակից Ալեքսանդր Կոցի և իռլանդացի Բրայան Մակդոնալդի նկատմամբ, ով աշխատում է RT-ի  անգլերեն հրատարակությունում:

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և մենեջերներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում