Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել:

Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել:

Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը, ամփոփելով հայ բռնցքամարտիկների ելույթները, նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են. «Մեդալակիր բռնցքամարտիկները դեռ շատ երիտասարդ են և խոստումնալից: Համոզված եմ՝ հետագայում նրանց մեդալների գույնը փոխվելու է: Օրինակ՝ Դավիթ Սիմոնյանից սպասելիքները շատ մեծ են. վստահ եմ՝ նա ապագայում կդառնա Եվրոպայի չեմպիոն և կգրանցի այլ նվաճումներ ևս: Բոլորի համար այս խաղերը շատ մեծ փորձ էին. օրինակ՝ մեդալակիրներից Հայկ Թադևոսյանն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խաղերին մասնակցության և ձեռք բերած փորձառության համար շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային»:

Նախատեսվում է, որ սեպտեմբերի 7-ից հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում