ՇՄ նախարարությունը՝ Ուրցաձորի տարածքում հայտնաբերված սատկած բեզոարյան այծի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման:
Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, անմիջապես մեկնել են դեպքի վայր։
ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն:
«Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։
Հիշեցնում ենք, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։
Եթե իրավախախտման հետևանքով պատճառվել է խոշոր վնաս, ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։
Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ