ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ անցկացվել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարը
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը դարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող՝ 9 խաղափուլից հետո վաստակած 7 միավորով: Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները:
Ի դեպ, հուշամրցաշարի ոսկե մեդալից պատրաստվել է երեք օրինակ. մեկը շնորհվել է Հովիկ Հայրապետյանին, մյուսը կպահվի Երևանի շախմատի ֆեդերացիայի թանգարանում, իսկ երրորդ օրինակը ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը նվիրել է Արսեն Եղիազարյանի ընտանիքին:
Հիշեցնենք՝ հուշամրցաշարն անցկացվել է առաջին անգամ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Առաջին տուրը կայացել է հուլիսի 1-ին: Անցկացվել է 9 խաղափուլ:
Տիգրան Պետրոսյանի շախմատի տանն անցկացված մրցաշարի ընթացին ավելի վաղ հետևել էր նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Մեր մեծավաստակ շախմատիստների անվան հուշամրցաշարերի անցկացումը, շախմատի պատմությունն ու անցյալի ավանդույթները վառ պահելը պարտադիր պայման են առաջխաղացման և զարգացման համար: Առանց մեր անվանի շախմատիստների մեծարման չենք կարող ունենալ նոր հաջողություններ. հաղթողները միշտ պետք է հիշվեն»,- ասել էր նախարարը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է հայկական շախմատի զարգացման և միջազգային ճանաչելիությունն առավել բարձրացնելու գործում:
Միջազգային վարպետի նորմայով այս մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ, որոնցից 4-ը՝ Վրաստանից և Իրանից:
Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարով հիմք է դրվել ԿԳՄՍ նախարարության և Երևանի շախմատի ֆեդերացիայի միջև երկարատև համագործակցության. առաջիկայում ևս նախատեսվում է մի շարք միջազգային մրցաշարերի անցկացում:
Կարծիքներ