Գողացել է հորթերին, տիրոջ գոմի մոտ մորթել ու համագյուղացու մեքենայով իր տուն տեղափոխել
Նոյեմբերի 9-ի երեկոյան Նոր Ախուրյանի բնակիչ մի կին ոստիկանության Ախուրյանի բաժնում տվել է հաղորդում, որ ցերեկը գոմից գողացել են երկու հորթ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ:
Պարզվել է, որ օգտվել էին դուռը բաց լինելու հանգամանքից, իսկ հորթերը մորթել էին գոմից քիչ հեռու՝ ջրատարի մոտ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ սկսվել են Ախուրյանի քրեական հետախույզների միջոցառումները:
Նոյեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 11-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Ախուրյանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:
Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը, այնուհետև համագյուղացու մեքենայով միսը տեղափոխել են իր տուն:
Ըստ համագյուղացու` նա չի իմացել, որ գործ ունի գողոնի հետ:
Կարծիքներ