«Քուանշ, խայտառակություն, այս մարդիկ անընդհատ պայթելու են»․ Թեհիմնա Վարդանյանը՝ Երևանի գործող ավագանու մասին

«Քուանշ, խայտառակություն, այս մարդիկ անընդհատ պայթելու են»․ Թեհիմնա Վարդանյանը՝ Երևանի գործող ավագանու մասին

Երևանի ավագանու նախկին անդամ Թեհիմնա Վարդանյանն այս օրերին զարմանքով և զայրացած է դիտում ավագանու թեժ մթնոլորտում անցկացվող նիստերը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախկին ամենաակտիվ գործիչներից մեկն ասում է՝ այն, ինչ այժմ կատարվում է քաղաքապետարանի շենքում, աննախադեպ է. ծեծկռտուքներ, հայհոյանքներ, շանտաժներ․ մայրաքաղաքի գլխավոր շենքն ու երևանցիները երկար տարիներ է՝ նման բան չէին տեսել։ 

«Խայտառակություն է, այսքան ժամանակ միակ հայտնի նիստը եղել էր 2017 թվականին՝ «կոյուղաջրերի» նիստը, որը բոլորը շատ լավ են հիշում։ Բայց դա այս նիստի հետ համեմատել չի կարելի։ Ես նույնիսկ տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ ցուցադրվել է կադրերով, չնչին մասն է իրական պատկերի, իսկ ինչ իրականում կատարվել է, անթույլատրելի է։ Ինքս ունեցել եմ պոռթկուն ելույթներ, ծանր նիստեր, բայց նման բան չէի պատկերացնի։ Անգամ զարմանում եմ, ինձ համար տարօրինակ է, թե այդ նիստից հետո ոնց են այդ մարդիկ նստել, շարունակել միմյանց դեմքին նայել»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ավագանու երեկվա նիստի՝ հայտնի միջադեպից հետո հնչած հայհոյանքներն ու սկսած ծեծկռտուքը պետք է ամոթանք դառնա բոլոր անդամների համար։ Ըստ Վարդանյանի՝ այդ դահլիճում նստում են մարդիկ, որոնք պայթյունավտնագ են և անընդհատ պայթելու են․ «Նրանց մեջ կան մարդիկ, որոնց հետ ես աշխատել եմ, բայց չէի պատկերացնի, որ իրավիճակը այսչափ պայթյունավտանգ կդառնա հենց առաջին իսկ օրից, սա մի բան էր, որին ես էլ անկեղծորեն չէի սպասում։ Այս ամենի պատճառն այն է, որ շենք են մտնում մարդիկ, որոնք իրար հանդեպ պարտավորություն չունեն, ոչ էլ թիմ են, պարզապես ձևավորել են դաշինքներ, կուսակցություններ, և մեկը մյուսի հանդեպ պատասխանատու չէ։ Յուրաքանչյուրը առանձին կարող է ինչ ասես, ինչ մտքով անցնի խոսել»։

Վարդանյանը խորհուրդ է տալիս ավագանու ներկայիս անդամներին բացել ու ծանոթանալ կանոնակարգը, դիտել անցած տարիների նիստերը, ուսումնասիրել օրակարգային հարցերը, քաղաքապետն էլ պետք է փորձի վերահսկել իրավիճակը․ ձեռքը սեղանին խփի և բոլորին կարգի հրավիրի։

Անդրադառնալով հարցին էլ, թե հնարավո՞ր է նոր ընտրություններ անցկացվեն, վերջինս մեկ բառով է արձագանքում. «Քուանշ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում