Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը, տհաճ բան ենք ասում. Փաշինյան
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները:
Վարչապետն այդ հանդիպմանը խոսել է նաև ժողովրդի կողմից ստեղծված Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի Սահմանադրություն չկա։
«Իրական Սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չի ստեղծում այն, դա անիմաստ փաստաթուղթ է։
Կրկնում եմ՝ Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե Սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ Սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի ժողովրդի մտքում։
«Եթե դուք ինձ այսօր հարցնեք, թե ինչ պետք է գրված լինի այդ Սահմանադրության մեջ, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի այդ մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, ապա 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի։ Միայն մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը և հեղինակը։
Դա մենակ թվաբանություն չի, դա նաև հոգեբանություն է, դա նաև շատ կարևոր սոցիալ-հոգեբանական վիճակ է, և այս խոսակցությունը մենք պետք է շարունակենք, բայց հաշվի առնենք, որ այստեղ էմոցիաներ կան, այստեղ պատմություններ կան, այստեղ մեր պատմությունը կա, այստեղ մեզանից առաջվա պատմությունը կա։
Այս խոսակցությունը ուրիշի մասին չէ, այս խոսակցությունը մեր մասին է՝ մեր պապիկների և տատիկների, մեր ծնողների, մեր երեխաների։ Սա շատ կարևոր խոսակցություն է, բայց այդ խոսակցության մեջ սերը երբեք չի կարելի կորցնել։
Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, եթե նույնիսկ բան ենք ասում, որ նրանց և մեզ համար տհաճ է, նա պետք է այդ սերը զգա, որովհետև, եթե դա սիրելով չենք անում, մենք վատ բան ենք անում։ Մենք սա անում ենք այն պատճառով, որ սիրում ենք մեր երկիրը և պարտավոր ենք այս առաքելությունը կատարել»,-եզրափակել է Փաշինյանը։
Կարծիքներ