Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ՝ Իսրայել Կացի հետ՝ վերջինիս հետ քննարկելով Գազայի հատվածի հակամարտությունը, պատանդների, այդ թվում՝ ռուսների ազատ արձակումը և երկկողմ հարաբերությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությանն՝ Արևմտյան ափում լարվածության աճի լույսի ներքո իսրայելա-լիբանանյան սահմանային գոտում ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Գազայի հատվածում պահվող ռուս քաղաքացիների ազատ արձակման հարցին՝ հաստատելով բոլոր պատանդներին փրկելու համար ակտիվ ջանքերը շարունակելու կարևորությունը։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք ընթացիկ հարցեր։
Կարծիքներ