Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը դժվարանում է ժամկետներ նշել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները․ «Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց շուտով»,- ասաց Բադասյանը։
Հարցին, թե անցակետում շինարարական աշխատանքների ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվելո՞ւ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, Բադասյանը պատասխանեց․ «Դա Պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Թեև նախօրոք որպես սահմանի բացման ժամկետ էր նշվում հունիս ամիսը, մինչ այս պահը հստակություն չկա սահմանի բացման ժամկետների վերաբերյալ։
Կարծիքներ