Երևանում բյուջեով նախատեսված է փոխարինել 54 վերելակ. փոխքաղաքապետը ավելի շատի հույս ունի
Երևանում 2021 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել բազմաբնակարան շենքերի 54 վերելակ: Այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2020 թ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Վահե Ղալումյանի հարցին:
«Երևան քաղաքում 2019-2020 թթ ընթացքում համայնքի կողմից փոխարինվել է 520 վերելակ: Դրանք արդեն շահագործվում են, բնակչության կողմից բավականին մեծ դրական արձագանք ունենք: 2021 թվականի բյուջեի կազմման ժամանակ նախատեսվել է 54 վերելակ, բայց հուսով եմ, որ այդ քանակով մենք չենք սահմանափակվի այս տարվա մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ գնումների գործընթացը սկսված է, ընթացքի մեջ է:
Խոսելով Երևանի 2020 թվականի բյուջեի մասին՝ փոխքաղաքապետն ասաց, որ բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 73 մլրդ 364 մլն դրամ՝ ծրագրված, ճշտված 84 մլրդ 941 մլն դրամի նկատմամբ: Կատարողականն այսպիսով կազմել է 86.4 տոկոս: Պետբյուջեից տրամադրված նպատակային հատկացումների, սուբվենցիաների մասով նախատեսված 9 մլրդ դրամի դիմաց փաստացի եկամուտը կազմել է 8 մլրդ 323 մլն դրամ կամ նախատեսվածի 92 տոկոսը:
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերը նախատեսված 3.9 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են 11 մլրդ դրամ: Դրանք մեծամասամբ պայմանավորված են եղել Երևանի ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացի հետ:
Ընդհանուր առմամբ Երևան համայնքի 2020 թվականի ծախսերը նախատեսվել են 101 մլրդ դրամի չափով, որի դիմաց փաստացի կատարվել է 64.3 մլրդը կամ 63.5 տոկոսը:
Կարծիքներ