Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:

Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ Յապ Ֆրեդերիքսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Նիդերլանդների Թագավորության հետ մշտապես ունեցել ենք բարեկամական ջերմ հարաբերություններ: Վստահ եմ՝ ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ոլորտներում առկա են համագործակցության մեծ հեռանկարներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու փոխգործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է՝ ընդունվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Այն ուղղված է լինելու սովորողների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև արժեքային համակարգի ամրապնդմանը: Միտված ենք բոլոր բնակավայրերում համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայությունների ապահովման, կրթության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կրթական ծառայությունների միջազգայնացման՝ ՀՀ դերը գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու առումով»,-ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը։

Հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել միջբուհական համագործակցության շրջանակում իրականացնելու համատեղ ծրագրեր՝ ուղղված Նիդերլանդների Թագավորության բուհերից մեկում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի զարգացմանը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ոլորտային համագործակցության մեծացման ներուժը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են և գտնվում են Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:

Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում