ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաև ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ամրագրվում է շահառուների շրջանակը. դրանք այն զինծառայողներն են, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով:
Օրենքի համաձայն` զինծառայողներ են համարվում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները: ՊՊԾ-ն ևս դասվում է այլ զորքերի շարքին: ՊՊԾ զինծառայողները, պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ընդգրկվելով զինված ուժերի կազմում, կարող են մասնակցել մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում իրականացնել մարտական հերթապահություն և կատարել հատուկ առաջադրանք:
Հատուցման գումարների վճարման կարգի համաձայն` ՀՀ ՊՆ-ն, ՆԳՆ-ն և ԱԱԾ-ն պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի խոսքով՝ մինչև ԱԱԾ-ից առանձնացումն օրենքի դրույթները տարածվում էին նաև ՊՊԾ զինծառայողների վրա, և հատուցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերոնշյալ տեղեկատվությունը հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից: Սակայն հաշվի առնելով, որ ՊՊԾ-ն այլևս ընդգրկված չէ ԱԱԾ կառուցվածքում և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին, օրենքում թվարկված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտել շահառուներին հատուցման գումարի վճարմանը, ինչով էլ պայմանավորված է նախագծով առաջարկվող լրացումը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկուցողի խոսքով նախաձեռնությունը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և հավանության արժանացել Կառավարության` 2024 թվականի օգոստոսի 8-ի նիստում:
ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է երկու առաջարկ, որոնք ընդունվել են:
Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարևորել է նախաձեռնությունը և կոչ արել տալ դրական եզրակացություն:
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Կարծիքներ