Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է Կիև կատարած այցի արդյունքների մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ այցելել է Կիև՝ քննարկելու Ֆրանսիայի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրման հարցը:
Փարիզն արդեն Կիևին է տրամադրել «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանքներ և ստեղծել 200 միլիոն եվրոյի հիմնադրամ, որպեսզի Ուկրաինան կարողանա սարքավորումներ գնել անմիջապես ֆրանսիական արտադրողներից:
Լեկորնուն այցից հետո լրագրողներին ասել է, որ Ֆրանսիան կօգնի արդեն հատկացված զինատեսակների պահպանմանը, և հիմնադրամը կարող է օգտագործվել նոր զինատեսակներ գնելու համար, ինչպիսին է «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգը՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար:
«Ֆրանսիան Ուկրաինային օգնելու մի քանի ուղիներ է ընտրել,- ասել է Լեկորնուն այցի ընթացքում,- Ուկրաինային արդեն իսկ տրամադրվածի աջակցությունը նույնքան կարևոր է, որքան նոր սարքավորումները»:
Նրա խոսքով՝ Կիևում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումները կենտրոնացել են առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական բանակի կարիքների վրա։
Չորեքշաբթի Լեկորնուն նաև ծաղկեպսակ է դրել Կիևում 2014 թվականից ի վեր մարտերում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին։
Կարծիքներ