ԱՄՆ-ը ձգտում է խափանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը. Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և դրանք մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիան Ուոթսոնը The New York Times պարբերականին:
«Մենք ուղիներ ենք փնտրում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության դեմ՝ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և այն մասնավոր ընկերությունների հետ բանակցությունների միջոցով, որոնց արտադրության դետալներն օգտագործվել են ԱԹՍ-ների արտադրության մեջ: Մենք գնահատում ենք արտահանման հսկողությանն ուղղված հետագա քայլերը, որոնք կարելի Է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերում օգտագործվող տեխնոլոգիաներիներից օգտվելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու համար»,- նշել է նա։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին ցանկանում է Թեհրանին զրկել ԱԹՍ-ներում օգտագործվող արևմտյան դետալներից ու բաղադրամասերից։ Բացի դրանից, Միացյալ Նահանգների զինված ուժերն օգնում են ուկրաինացի զինվորականներին հայտնաբերել իրանական ԱԹՍ-ների արձակման վայրերը:Եվ երրորդ, ամերիկացիները Կիևի համար շտապ կերպով մշակում են անօդաչու թռչող սարքերի մոտեցման մասին վաղ ազդարարման նոր տեխնոլոգիաներ։
Հրատարակության գնահատմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մեծ դժվարությունների են հանդիպում ծրագրի բոլոր երեք կետերի իրագործման հարցում։ Մասնավորապես, նշվում է, որ իրանցի մասնագետները կարող են օգտվել սև շուկայի ծառայություններից և շրջանցել արտահանման հսկողությունն արևմտյան դետալներ ձեռք բերելու համար:
Կարծիքներ