Շուտով շահագործման կհանձնվի Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը
Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքը շուտով շահագործման կհանձնվի: Կբարձրանա կենտրոնի գործունեության արդյունավետությունը, կբարելավվի ծառայությունների որակը, կապահովվի բարեփոխումների շարունակական աջակցությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Համագործակցության ծրագրի վերաբերյալ այսօր հուշագիր է կնքվել Առողջապահության նախարարության, ՀՀ Լոռու մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի միջև:
Դսեղի առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղ բնակավայրի և իրեն կցված 6 բնակավայրերի բնակչությանը և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։
«Պիլոտային ծրագրի մեկնարկը համարում եմ հաջողված: Շնորհակալ եմ հիմնադրամին իր գործունեության, մարզային ենթակառուցվածքների, համայնքների զարգացման մեջ տարիների, հետևողական ներդրման համար: Մարզպետ պարոն Խաչատրյանի հետ համատեղ ներդրումներով համայնքի համար կարևոր ձեռքբերում կունենանք»,-իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:
«Մեզ համար շատ կարևոր է բժշկական ծառայությունների հասանելության ապահովումը, սա ևս մեկ քայլ է, որպեսզի համայնքների բնակիչները շատ դեպքերում բուժծառայության համար Երևան տեղափոխվելու կարիք չունենան»,- նշել է մարզպետ Արամ Խաչատրյանը:
Կենտրոնի գործունեությունը կուղղվի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և բուժմանը, կվերանայվի անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, բժշկական պարագաների շրջանակը, ինչպես նաև բուժման մոտեցումները։
«Դսեղի առողջության կենտրոնը հաջողությամբ գործարկելով` մենք աջակցում ենք համայնքներում առողջապահության ոլորտի բարելավմանը, որի համար առանցքային է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ՀՀ Կառավարության օրակարգը։ Մենք շարունակելու ենք համագործակցել նախարարության և մարզպետարանների հետ, որպեսզի բացահայտենք լավագույն նորարարական մոտեցումները ներդնելու և նպաստելու որակյալ և հասանելի բուժօգնության մատուցմանը»,-նշել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այն կներդրվի նաև գյուղական այլ բնակավայրերում։
Կարծիքներ