ԵՊՀ-ն ներկայացրել է 2 ֆակուլտետի միավորման և դրա արդյունքում ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը

ԵՊՀ-ն ներկայացրել է 2 ֆակուլտետի միավորման և դրա արդյունքում ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը

Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ, ըստ ներկայացված նախագծի, ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:

Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:

«Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին։

Մեր համոզմամբ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:

Նախատեսվում է, որ նոր ստորաբաժանման առաջին և երկրորդ կուրսերի կրթական նոր ծրագրերում կներառվեն առավել նույնական առարկաներ՝ թույլ տալով ուսանողներին բարձր կուրսերում իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու մասնագիտացում: Ուսուցման այս մոդելով հնարավորություն կտրվի պահպանելու մասնագիտացումներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի համար, սակայն ոչ բավարար հետաքրքրություն դիմորդների շրջանում:

Բացի դրանից՝ նախատեսվող փոփոխություններով մենք կկարողանանք առավել արդյունավետ օգտագործել ֆիզիկական տարածքը՝ ստեղծելով գիտահետազոտական նոր լաբորատորիաներ ու կենտրոններ:

Հատկանշական է, որ որդեգրած այս փիլիսոփայությունը կարող է ֆակուլտետի ու մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ դիմորդների համար և դառնալ առավելություն ՀՀ-ում գործող կրթական մյուս ծրագրերի նկատմամբ»,- գրել է ռեկտորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում