Երևանի Չեխովի դպրոցի բակում բացվել է հերոս սաների հուշակոթող
Երևանի Չեխովի դպրոցի բակում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 6 սաների հուշակոթող։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։
«Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու: Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:
Հերոս չեխովականներին նվիրված միջոցառումը յուրօրինակ խոնարհում էր նրանց հիշատակի առջև. աշակերտների մասին պատմում են նրանց մանկավարժները, ովքեր ևս իրենց կարևոր ներդրումն ունեն հայրենանվեր սերունդ կրթելու գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դպրոցի սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողը տեղադրվել է ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Պողոսյանի ընտանիքի կողմից:
Կարծիքներ