Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Նիկոլ Փաշինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է կրկին գերիներին փոխանակել իր որդու՝ Աշոտի հետ, ի՞նչ դիրքորոշում ունի Փաշինյանը գերիների հարցով:
«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն և հիմա էլ եմ դա առաջարկում: Ադրբեջանից իմ առաջարկին ի պատասխան՝ արձագանք չի եղել: Երբ լինի արձագանք, դա ուժի մեջ է»:
Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց՝ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի. «Այդտեղ ոչ մի զարմանալու բան չեմ տեսնում: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հիմքեր չեն լինի, կլինեն դեպքեր, երբ քրեաիրավական հետևանքներ կլինեն: Մենք պարզ բան ենք ասում՝ զինծառայողներն ունեն պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն: Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ամեն օր աշխատանք է կատարվում՝ ուղղված գերիների վերադարձման:
«Բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննություն չի արվելու: Իհարկե, արվել է, արվում է ու արվելու է»:
Վարդանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է 18 տարեկան զինվորներին վախենալու և չկողմնորոշվելու մեջ. «Հետո խոսում եք քրեական գործեր հարուցելու սպառնալիքի խոսքով: Նոյեմբերի 9-ից հետո դուք որտե՞ղ էիք, կողմնորոշվե՞լ էիք»:
Ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց՝ նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ եղել է իր պաշտոնավարման դիրքերում:
«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք: Որտեղ էիք: ՀՀ-ում էի: Կատարում էի իմ պարտականությունները: Ես ձեր պարտականությունները շատ լավ գիտեմ, ձեր թելած թելն էլ գիտեմ, ձեզ էլ լավ գիտեմ, ձեր շրջապատում գտնվողներին էլ լավ գիտեմ»,- եզրափակեց վարչապետը:
Կարծիքներ