Զուրաբիշվիլին Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության մասին

Զուրաբիշվիլին Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վրաստանի նախագահը հարցազրույց է տվել իտալական հայտնի nova.news կայքին, որտեղ խոսել է նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, Արցախյան հակամարտության մասին, փոխանցում է Aliq.ge-ն:

«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների մասին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ծագած բախման մասին. Վրաստանը, ավանդույթի համաձայն, նորագույն պատմության մեջ էլ առաջին անգամ կարողացավ միջնորդ դառնալ երկու երկրների միջև: Հուսով ենք, որ առկա իրավիճակը կբարելավվի, հատկապես Հայաստանի ընտրություններից հետո»,- զրույցում նշել է Վրաստանի նախագահը։

Նա նաև հավելել է.

«Հակամարտության առաջին փուլերից ի վեր Վրաստանը երկու երկրների իշխանություններին հնարավորություն է ընձեռել Թբիլիսիում երկխոսություն վարել, և մենք հուսով ենք, որ կշարունակենք այդ գործընթացում ստանձնած մեր դրական դերը։ Վրաստանի համար ևս կարևոր է, որ երկու հարևան երկրները լավ հարաբերություններ ունենան: Մեծ ողբերգություն կլիներ, եթե այս հակամարտությունն ընդլայնվեր: Մենք ուզում ենք երկխոսության և կայունության հարթակ տրամադրել: Դա Վրաստանին բնորոշ է` դա է վկայում մեր երկրում կրոնական և էթնիկ տարբեր խմբերի համակեցությունը։ Գոյատևման և զարգացման այլ տարբերակ չկա»,-ասել է նախագահը` հավելելով, որ պապի հետ նման շփումները շատ կարևոր են ապագայի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում