ՍԱՏՄ հայտնաբերած խախտումների քանակը կայուն նվազում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 21-ին 24 ժամով կասեցվել է հանրապետությունում գործող վեց տասնյակ կազմակերպությունների գործունեությունը. անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ այդ կազմակերպություններում պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ կապված և այլ խնդիրներ։
«ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ պարզելու, թե որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Խստացված ստուգայցերի ու կրկնայցերի թիրախ է եղել Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի սննդի արտադրության և իրացման համար պատասխանատու բիզնես-ոլորտը: Մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսավարողները դրսևորել են պատասխանատվության բարձր մակարդակ. Գյումրիի սննդի արտադրություններում ու խանութներում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:
Սննդի ոլորտը վերահսկող կառույցը կշարունակի խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ