Ոստիկանապետի տեղակալը հայտնեց ավտովթարների աճի հիմնական պատճառը
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճի կարևորագույն հանգամանքը պայմանավորված է ավտոմեքենաների քանակի ավելացմամբ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ցավոք, արձանագրվել են ավտոտրանսպորտային պատահարների և դրա հետևանքով զոհերի թվի աճ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Դրանք մշտապես առկա են եղել, սակայն պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որը բնորոշ է վերջին տարիներին` մեծածավալ ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Եթե նախկինում որոշ ճանապարհային հատվածներ նախատեսված էին որոշակի քանակի տրանսպորտային միջոցների համար, այսօր այդ հատվածներում ունենք քանակի էական ավելացում»,- ընդգծեց Ֆիդանյանը:
Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև ճանապարհատրանսպորտային պատահարներով, իսկ մահվան ելքերը հիմնականում պայմանավորված են Երևանից դուրս արագ երթևեկության հանգամանքով կամ ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով:
Կարծիքներ