Հայաստանում բացվել է առաջին հանրային QR գրադարանը
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել հանրային QR գրադարանի բացում, որից կարող են օգտվել ոչ միայն մասնաճյուղի ուսանողները, այլև տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված անձինք՝ առանց որևէ սահմանափակման։
Ի տարբերություն ավանդական գրադարանների, այստեղ հարկավոր չէ գրանցվել, անձնագիր ներկայացնել, բավական է միայն մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սկանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը: Սրահում կա բաց ինտերնետ հասանելիություն, պլանշետներ ու ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար:
Գրադարանն իր տեսակի մեջ եզակի է, որտեղ հին գրքերին փոխարինելու են գալիս QR կոդերն ու նորագույն տեխնոլոգիականները՝ ապահովելով արդիական գրականություն։ Նախաձեռնությունը նաև նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների միջոցով երիտասարդներին հաղորդ դարձնել արդի գրականությանն ու ստեղծել միջավայր, որը կնպաստի ընթերցանությանը։
Գրադարանի ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցն ու ինքնակրթությունը, քանի որ թաղամասը ծայրամասային է, կենտրոնական ու մարզային գրադարանները գտնվում են քաղաքի կենտրոնում:
Բացման միջոցառման ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նշել է, որ այժմ գրադարանում կա 8 բաժին, յուրաքանչյուրում մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունել է մասնաճյուղի նախաձեռնողականությունն ու հույս հայտնել, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացված գիտելիքները կուղորդեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:
Կարծիքներ