Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով
Քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավներն իրականացնել տարբեր ձևաչափերով։
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:
Շարունակում ենք ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի կին թեկնածուները ժամը 16։00-ին՝ Say cheese սրճարանում կհանդիպեն երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա կգտնվեն Ինեսա Գաբայանը, Աննա Դավթյան-Գևորգյանը, Կարինե Յարալյանը, Տաթև Զորյանը, Զարուհի Մամյանը, Մարգարիտա Ղազարյանը։
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Շիրակի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Արթիկում, 12։00-ին՝ Մարալիկում, 14։45-ին՝ Աշոցքում, 17։00-ին Ամասիայում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 19։00-ին հանրահավաք կանցկացնեն Գյումրիում։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը կմեկնարկի մայրաքաղաքից՝ Զեյթուն վարչական շրջանից՝ ժամը 11։00-ին։ Երեկոյան ժամը 18։00-ին կուսակցության ներկայացուցիչները կլինեն Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 10-րդ օրն սկսելու է Երևանի Նոր Նորքի 5-րդ մասիվի Դավիթ Բեկի փողոցում՝ ժամը 11։00-ին՝ Տիտան սուպերմարկետի դիմաց։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կշարունակի իր հանդիպումները քաղաքացիների հետ Սյունիքի մարզում, այնուհետև կուղևորվեն Վայոց Ձորի մարզ։ Ժամը 11։05-ին ներկայացուցիչները կլինեն Գորայք համայնքում։ 12։20-ին ՔՊ-ականները կայցելեն Ջերմուկ, 14։35-ին՝ Վայք, 15։30-ին՝ Մալիշկա, 16։10-ին՝ Եղեգնաձոր, 17։00-ին՝ Արենի։
«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 16-ին լինելու է Արագածոտնի և Լոռու մարզերում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Ապարանում, ապա 13։30-ին՝ Սպիտակում, իսկ 15։00-ին՝ Վանաձորում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի (Պրահայի) այգում։
«Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ է իրականացնելու Երևանում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին Դավթաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջաններում կլինեն։ Գեղարքունիքի մարզում ժամը 13։00-ին կլինեն Ճամբարակում, ապա 16։00-ին՝ Սևանում։ Կոտայքի մարզում կլինեն ժամը 18։30-ին՝ Հրազդան քաղաքում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 16-ին կլինի Լոռու մարզում։ Ժամը 18։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Վանաձոր քաղաքում և կհանդիպեն քաղաքացիների հետ։
«Զարթոնք» կուսակցության ԳՄ պատասխանատու, ցուցակում առաջին համար Արա Զոհրաբյանը և կուսակցության հիմնադիր-անդամ Վահագն Չախալյանը հանդես կգան ասուլիսով։ Ժամը 12։00-ին նրանք կխոսեն ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի, սպասվող ընտրությունների, և ակնկալիքների մասին։ Կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, սահմանազատման ու սահմանագծման խնդիրները։
Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին:
Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:
Կարծիքներ