ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Ինչպես մեր կողմից տեղեկացվել էր ավելի վաղ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին արտահերթ խորհդրարանական ընտրություններին մասնացկող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում:

Հաշվի առնելով, որ ձերբակալվածներից կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը նաև ընդգրկված էր տվյալ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով երեկ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն իր ընդունած որոշումներով տվել է համաձայնությունը:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և տրվել է անձին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ դատավարական գործողությունները կատարելու հանձնարարություն:

Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով:

«Դատախազությունը հավաստիացնում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ հետևողական է լինելու նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, ինչպես նաև մեղավորներին համաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում զերծ մնալ ընտություններին առնչվող ապօրինի գործողություններ կատարելուց, հանցավոր հարաբերությունների մեջ մտնելուց, որևէ եղանակով քաղաքացիների ազատ ընտրության վրա ներազդելուն ուղղված քայլերից: Ցանկացած նման արարք արժանանալու է հնարավոր ամենախիստ իրավական հակազդեցության»,- գրել է Աբրահամյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում