«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող են հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ։
«Ուղիղ ինն ամիս առաջ մեկնարկել է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը և վերածվել շարժման։ Այսօր կարող ենք արձանագրել, որ անընդհատ և շարունակաբար կրթվելու, նորովի կրթվելու, մտքի և հոգու հեղափոխության գաղափարներն ամբողջությամբ տարածված են մեր երկրում և մեծ աջակցություն են վայելում։ Սա լավ սկիզբ է։ Շատ լավ սկիզբ է։ Բայց միայն սկիզբն է։
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջին փուլն այսպիսով կարող ենք հաջողությամբ փակել և թևակոխել երկրորդ փուլ։
Երկրորդ փուլն իմպլեմենտացիայի փուլն է։ Այսինքն` փաստացի կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինքնակատարելագործվելու փուլը։ Այս փուլը հաջողված կլինի միայն մի դեպքում. երբ այս պահից սկսած՝ ինչ-որ նոր բան սովորելու գործողությունը համաճարակի նման տարածվի ողջ երկրով մեկ։ Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ և դրանով շրջապատին վարակել։
Ավելի քան 11 հազար մարդ ներկա եղավ այս շատ կարևոր խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի:
Իսկ եթե դուք ցանկանում եք նոր բան սովորել կամ ինքնակատարելագործվել, բայց չգիտեք՝ ինչ և ինչպես, հետևեք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարություններին։ Շարժման կենտրոնական կոմիտեի և հիմնադրամի ջանքերն ուղղված են այս հարցերի պատասխանները գտնելուն և ձեզ համար հնարավորություններ ստեղծելուն»,- գրել է Հակոբյանը։
Կարծիքներ