TikTok-ից հետո Հնդկաստանը, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է ևս 47 չինական հավելվածի կիրառումը
Հնդկաստանի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել են չինական ևս 47 հավելվածի կիրառումը, ինչը պայմանավորված է երկու պետությունների՝ Հիմալայներով անցնող սահմանին լարվածության աճով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, մի քանի շաբաթ առաջ Հնդկաստանն արգելել էր TikTok-ի և 58 այլ չինական հավելվածների կիրառումը:
«Մենք արգելել ենք Չինաստանում մշակված 47 բջջային հավելված, ինչն ընդգծում է կառավարության վճռականությունն անձնական տվյալների և անվտանգության պահպանման հարցում»,-ասել է մի անանուն պաշտոնյա:
Նշվում է, որ արգելված հավելվածների շարքում են Tiktok Lite-ը, Helo Lite-ը, SHAREit Lite-ը, BIGO LIVE Lite-ը և VFY-ն:
Աղբյուրը նկատում է, որ Հնդկաստանում հակաչինական տրամադրությունները գագաթնակետին են հասել հունիսի կեսերին. ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով՝ արգելել չինական արտադրանքի վաճառքը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շուտով երկրում կարող է արգելվել ևս 275 չինական հավելված:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանն ու Հնդկաստանը Հիմալայներով անցնող վիճահարույց սահմանին լարվածության աճի ֆոնին շարունակում են զորք կուտակել:
Կարծիքներ