«ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցել եմ Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղ կողմերի և համագործակցության նոր ոլորտների շուրջ». Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է, որ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` քննարկելով վրաց-ամերիկյան համագործակցությունը տարբեր ոլորտներում:
«ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ զրուցել եմ Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղ կողմերի և համագործակցության նոր ոլորտների շուրջ»,-գրել է Գախարիան:
Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Վրաստանում սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար:
«Ես շնորհակալություն եմ հայտնել նրան Վրաստանում սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար և ընդգծել եմ մեր հանձնառությունն անկախ դատական համակարգ ունենալու և այս աշնանն արդար ընտրություններ անցկացնելու գործում»,-հավելել է Վրաստանի վարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի խորհրդարանը հունիսի 29-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները ծրագրված է անցկացնել հոկտեմբերին:
Կարծիքներ