«Թալիբան» շարժման գրոհայինները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորությամբ

«Թալիբան» շարժման գրոհայինները գտնվում են Քաբուլից 11 կմ հեռավորությամբ

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիսային, արևմտյան և հարավային շրջանների զգալի մասը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ վերջին առաջխաղացումը գրանցվել է հարավային ուղղությամբ, ինչի արդյունքում թալիբները մոտեցել են մայրաքաղաք Քաբուլին:

Լոգար նահանգի պատգամավորներից մեկը հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է գրավել նահանգի ողջ տարածքն ու կալանքի տակ առնել տեղի պաշտոնյաներին:

Թալիբները գրոհել են նաև երկրի հյուսիսում գտնվող Մազարի-Շարիֆ քաղաքը, որի արվարձաններում դաժան մարտեր են սկսվել:

Մինչ այդ նրանք վերահսկողություն էին սահմանել Հերաթում և Կանդագարում, որոնք երկրի՝ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներն են: Ներկա պահին թալիբները վերահսկում են 34 նահանգից 19-ը:

Հիշեցնենք, որ թալիբների գրոհներն ու առաջխաղացումն ակտիվացավ, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Իրանի, Պակիստանի հետ սահմանային շրջաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում