Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերները, մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերն ու ներդրումն ունենան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում: 

«Մենք մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց խաղաղության հաստատման չենք տեսնում: Եթե չունենք խաղաղ տարածաշրջան, ապա մեր բոլոր ծրագրերն անիմաստ են դառնում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Թիմ Լոութըն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ: Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում