Խոնարհվում եմ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված մեր հայրենասեր տղաների մայրերի, կանանց և քույրերի առջև. Վահան Քերոբյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի շնորհավորանքը.
Սիրելի կանայք և աղջիկներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։ Վերջին 1 տարվա ընթացքում մենք բոլորս ապրեցինք մեր երկրի համար դժվարագույն մի ժամանակահատված՝ պայմանավորված համավարակով և 44-օրյա պատերազմով։
Ձեր կողմից ցուցաբերված տոկունությամբ և խիզախությամբ դուք մեզ ուժ և էներգիա եք տալիս, որ ամեն օր էլ ավելի մեծ եռանդով աշխատենք մեր հայրենիքը զարգացնելու և հզորացնելու՝ մեր առջև դրված գերխնդիրը լուծելու ուղղությամբ։
Խոնարհվում եմ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված մեր հայրենասեր տղաների մայրերի, կանանց և քույրերի առջև։ Ոչ մի գոտեպնդման խոսք չի կարող սփոփել ձեզ, և միայն մեր նահատակված եղբայրների երազած հզոր հայրենիքն է, որ կսփոփի մեր բոլորի՝ դեռևս թաց վերքերը։ Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց երազած հայրենիքը կառուցենք։
Անգնահատելի է կանանց դերը մեր երկրի զարգացման գործում։ Վստահաբար պետք է փաստեմ, որ կանանց ներկայությունը ցանկացած ոլորտում, անկասկած, ապահովում է այդ ոլորտի բարգավաճում։ Մենք միշտ բարձր ենք գնահատել կանանց դերը տնտեսության և մեր երկրի զարգացման գործում և մշտապես աջակցել նրանց։
Ամեն տարի մեր երկում ավելանում է կին գործարարների թիվը, և աճում է կանանց ներգրավվածությունը գործարարության մեջ։ Իսկ ապրիլի 7-ը եւս մեկ անգամ հիշեցնում է այն մասին, որ ավելի մեծ եռանդով պետք է խրախուսենք տնտեսության զարգացման գործում կանանց ներգրավվածությունը և անենք ավելին դրա ապահովման համար։
Կին գործարարները, նորարարները, անշուշտ, պետք է մշտապես արժանանան առանձնահատուկ ուշադրության և շրջապատված լինեն հոգատարությամբ։
Սիրելի կանայք, դուք ոչ միայն ընտանիքի հիմքն եք, այլ առողջ և հզոր պետության։ Դուք նոր նվաճումների մղող շարժիչ ուժն եք և համոզված եմ, որ միասնական ջանքերով և այդ ուժի ուղեկցությամբ հզորացնելու ենք մեր հայրենիքը։
Կարծիքներ