Մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում:
Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի զգայարաններն են պատուհան ծառայում՝ տեսնելու աշխարհը։
«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։
Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու արվեստի գործերի վերաբերյալ։ Նախագծի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են հայ նկարչության 5 գլուխգործոցի (Մարտիրոս Սարյան՝ «Հայաստան», Գրիգոր Խանջյան՝ «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյան՝ «Խնոցի», անհայտ հայ նկարիչ՝ «Սևանի Աստվածամայրը», Սարգիս Մուրադյան՝ «Կոմիտաս. վերջին գիշեր») շոշափելի կրկնօրինակները, որոնք կցուցադրվեն բնօրինակների հետ մեկտեղ։
Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն նկարում զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։
Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։
Ցուցադրությունը հնարավորություն է տալիս նաև թանգարանի մյուս այցելուներին բացահայտելու մի իրականություն, որում ապրող մարդիկ արտաքին աշխարհի մասին տեղեկություն ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։
Կարծիքներ