Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել, դադարեցված է ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը. պարզաբանում է Քաղավիացիան
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է Հայաստանում ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 ինքնաթիռի առնչությամբ ստեղծված իրավիճակը։
«Ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո թռիչք է իրականացրել և ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,-«Արմենպրես» -ին հայտնեցին կոմիտեից։ Այդ հանգամանքով պայմանավորված ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանության, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև: Ինքնաթիռի կալանում տեղի չի ունեցել, այլ ժամանակավորապես դադարեցված է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:
«Հավելենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,-նշեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Կարծիքներ