Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում։
ԵԱ-ի վերջին՝ 11-րդ տուրում Մկրտչյանն ուժերը չափել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ և հաշտություն կնքել՝ վաստակելով 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլին: Նա նաև պարգևատրվել է 6 հազար եվրոյով:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Մոնիկա Սոչկոն՝ վաստակած 8,5 միավորով:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի ուղեգիր է նվաճել նաև Աննա Սարգսյանը, որը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (7,5 միավոր):
Եվրոպայի նախորդ տարվա չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը վերջին տուրում պարտություն է կրել և 7 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող և Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը՝ որպես պաշտոնական խոսնակ, մասնակցել է նաև շախմատի կանանց 2022 թվականի կոնֆերանսին, որը կայացել է Եվրոպայի անհատական առաջնության ընթացքում: Կոնֆերանսի նպատակն է եղել ցույց տալ կանանց և աղջիկների դերն ու կարևորությունը համաշխարհային շախմատում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավոր են վաստակել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 22-րդ և 25-րդ հորիզոնականները, իսկ Սուսաննա Գաբոյանն առաջնությունն ավարտել է 78-րդ տեղում:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 123 շախմատիտստուհի է մասնակցել: Անցկացվել է 11 տուր:
Կարծիքներ