Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա

 Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ միայն 5- տոկոսն է կառուցված, սակայն վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են ընթանում: 

Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց այսքան քննարկված, այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված: Սա վատ լուրն էր: Լավ լուրն էլ այն է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր»,-ասաց Սանոսյանը:

Նախարարի կարծիքով՝ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցեն, որոշակի դրական միտում կա, առաջ եկած մի շարք խնդիրներ ոչ ամբողջովին, բայց՝ հաղթահարված են, դրական  միտումով առաջ են գնում:

«Վարկային միջոցներ, միջազգային ծրագրեր, տարբեր նորմատիվային հարցեր կան, և երբեմն գործընթացներ կան, որոնք ձգձգվում, հետաձգվում են: Դա է լինում պատճառը, որ այսպիսի կատարողականներ ենք ունենում: Բայց մենք, տեսնելով, որ նման պատկեր կա, վերաբաշխումներով փորձում ենք կարգավորել, մինչև այս ծրագրերն առաջ կգնան»,-ընդգծեց Գնել Սանոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում