««Սասունցի Դավիթ» էպոսը մեր ժողովրդի հերոսական ոգու ու արժանապատվության խորհրդանիշն է». Տիգրան Ավինյան

««Սասունցի Դավիթ» էպոսը մեր ժողովրդի հերոսական ոգու ու արժանապատվության խորհրդանիշն է». Տիգրան Ավինյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան կրկին անցել է լեփ-լեցուն դահլիճում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծված մշակութային այս նախագիծը դարձավ սիրված ու պահանջված հանդիսատեսի կողմից:  Հերթական ցուցադրությունն առանձնացավ պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: 
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի ստեղծման և կայացման, կատարողական բարձր վարպետության, ինչպես նաև Երևանի մշակութային կյանքում ունեցած ներդրման համար  ստեղծագործական մեծ թիմն արժանացավ «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի:   
«Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում կան արժեքներ, որոնք ոչ միայն պատմություն են, անցյալում թողնված հետքեր, այլև՝ ներկան ու ապագան կանխորոշող ուղենիշներ, ժողովրդին մշտապես ուղեկցող ու ոգեշնչող հերոսական պատումներ, մեր հոգու մասնիկը: Դրանցից ամենահզորը, թերևս, «Սասունցի Դավիթ» էպոսն է՝ մեր անցյալի, արդարության, հավատքի և ազատության գաղափարաբանության ամփոփ արտահայտությունը։ Դարեր շարունակ այն փոխանցվել է սերնդեսերունդ՝ որպես ազգային ինքնության կարևորագույն հիմք և այսօր էլ շարունակում է լինել մեր ժողովրդի ոգեղեն կյանքի ու արարման անսպառ աղբյուրը։ Մեծապես գնահատելի է այն, որ մեր օրերում արվեստագետները նորովի են փորձում ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ այն ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև ներկայի խոսք, նաև՝ ապագայի ուղերձ։ Եվ կրկնակի պատվաբեր է, որ Երևանն իր ազդեցիկ դերակատարությունն է ունենում մեր ժառանգության պահպանման և հանրությանը ներկայացնելու հետ կապված բազմաթիվ նախաձեռնություններում, որոնցից ամենածանրակշիռը, վստահաբար, մեր այս նոր նախագիծն է՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: Արվեստի այս գործը մեր անցյալի, մեր ժողովրդի հերոսական կյանքի գիտակցման ամենավառ դրսևորումներից է, քանի որ այն եզակի է իր բովանդակությամբ ու ընդգրկմամբ: «Սասունցի Դավիթ»-ը միավորել է հազարավոր մարդկանց՝ ստեղծելով նոր, ժամանակակից մոտեցումներով ներկայացված ազգային մի պատմություն։ Երևանի քաղաքապետարանը մշտապես առանձնակի ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք միաժամանակ կրում են մշակութային, կրթական և հոգևոր արժեք։ Մեզ համար մեծ պատիվ էր կյանքի կոչել մի նախաձեռնություն, որն իր բովանդակությամբ ուղղված է ոչ միայն ազգային ինքնության պահպանմանը, այլև միտված է փոխելու մեր վերաբերմունքը սեփական ուժերի հանդեպ, ոգեշնչելու հանրությանը, տարբեր սերունդներին, սխրագործ կյանքի ու արարման կոչելու մեր ժողովրդին:

«Սասունցի Դավիթը» ոչ միայն հերոսական պատում է, այլև հայի հավատը սեփական ուժերի նկատմամբ, և այս նախագծով մենք ևս մեկ անգամ փաստում ենք, որ մեր մշակույթն ու հավաքական ստեղծարար ոգին կարող է աշխարհ բերել բացառիկ գեղարվեստական արժեքներ, որոնցում միաձուլված են ազգայինն ու համամարդկայինը, արվեստի ու ներդաշնակության հանդեպ մեր հավաքական վերաբերմունքը։ 
Մեր էպոսը բանավոր խոսքով հարյուրամյակներ ի վեր անցնում էր սերնդե-սերունդ, ուժ և սփոփանք հաղորդելով մեր նախնիներին, և ահա, այս նախագծով, մենք այն նորովի վերադարձնում ենք մարդկանց՝ որպես երախտիքի տուրք ու ակնածանք, որպես անցյալն ու ապագան կամրջող մի հսկա կառույց, որին հասնելու և տեսնելու, որը վայելելու ճանապարհով, վստահ եմ, անցնելու են հազարավոր մարդիկ: Այս նախագիծն ամիսներ շարունակ կրթել ու դաստիարակել է հարյուրավոր երեխաների, մտել նրանց ընտանիքներ, հրաշքի հետ հանդիպման սպասումով ջերմացրել հազարավոր մարդկանց սրտերը:

Եվ, ահա, այն դարձել է իրողություն, որը երկար տարիներ, վստահ եմ, ուղեկցելու է մեզ բոլորիս: Դրա վկայությունն է այն, որ բալետ-օրատորիան ընդգրկվել է օպերային թատրոնի մշտական խաղացանկում: 
Սիրելի ներկաներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծի բոլոր մասնակիցներին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությանը, ստեղծագործական խմբին, մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին՝ այս նախաձեռնությունն իրականացնելու համար։

Թող այս բեմադրությունը դառնա ոգեշնչման աղբյուր մեր երիտասարդների համար, հիշեցնելով, որ Սասունցի Դավիթը յուրաքանչյուրիս մեջ ապրող պայքարի, արժանապատվության ու ստեղծագործական ուժի խորհրդանիշն է։ 
Շնորհակալ եմ և կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ այս բացառիկ մշակութային
իրադարձության կայացման առթիվ։ Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի կոչված ու արդեն սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան ժամանակակից մոտեցումներով ներկայացնում է մեր ազգային պատմությունը։ Շնորհակալություն եմ հայտնում նախագծի բոլոր մասնակիցներին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությանը, ստեղծագործական խմբին, մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին՝ այս նախաձեռնությունն իրականացնելու համար»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում