Կձևավորվեն քրեական ոստիկանության ստորաբաժանումներ․ ինչ է սպասվում ՆԳՆ բարեփոխումների շրջանակում
2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով՝ կիրառելով քրեաբանական ուսումնասիրությունների միջազգային պրակտիկայում առկա թվային տեխնոլոգիաները:
Ստորաբաժանումները հագեցված են լինելու հատուկ սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներով, ստացիոնար կիրառման և դյուրակիր տեխնիկական միջոցներով (ռադիոկապ, պլանշետներ, GPS սարքավորումներ), տեղեկատվական շտեմարաններում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների կուտակման գործուն մեխանիզմների ներդրման և փոխկապակցված տեղեկատվական շտեմարաններին մատչելի հասանելիության հնարավորությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով։
Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ լուծարվելու են մարզային վարչությունները:
Այս ողջ գործընթացների արդյունքում հունվարի 3-ին Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարությունը հայտարարել էր միասնական ընդունելություն-մրցույթ։
Ձևավորվող Համայնքային ոստիկանությունը, կենտրոնական ապարատի գլխադասային ծառայության համակարգման ներքո, գործելու է համայնքային մակարդակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են համայնքային ստորաբաժանումներ։
Կարծիքներ