ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ
2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ շտաբի անդամներն են ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության շտաբի և գլխավոր վարչությունների պետերը, ԱՎՎ ու ՃՈ պետերը։ Օպերատիվ շտաբի գործունեության ուղղություններն են իրավական ապահովումը, ընտրացուցակների ճշգրտումը, տեղեկատվության հավաքումը, ամփոփումն ու հետաքննությունը, վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողությունը, նյութատեխնիկական և բժշկական ապահովումը, զանգվածային անկարգությունների հակազդումն ու արագ արձագանքումը։ Այս գործառույթները պատշաճ իրականացնելու համար օպերատիվ շտաբի կազմում ստեղծվել են աշխատանքային խմբեր։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ ենք անում ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ՝ ընտրությունների պատշաճ նախապատրաստման ու անցկացման համար։ Օպերատիվ շտաբի «թեժ գծերն» են 010 54 69 12, 010 54 69 14 հեռախոսահամարները։
Կարծիքներ