Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի պանթեոնում
Դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է 2021-ի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:
Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ չի բացառվում, որ նվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր: «Պապս ասում էր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմ շփվելու պատիվն ունեցել:
Նրանցից են Գեղամ Գրիգորյանը, Յուրի Վարդանյանը: Բոլորի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան»,- պատմում է կրտսեր Գասպարյանը: Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:
Կարծիքներ