ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակություն է այսօր՝ մայիսի 18-ին, մեկնում Թուրքիա: Օրակարգում տնտեսական հարցերով հանդիպումներ են մի շարք գերատեսչություններում։
Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում, ինչպես նաև առևտրային ապրանքների տեղափոխման հետ կապված խափանումների հարցը։
«Յենի սաֆաք»-ի հաղորդամբ, 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նվազել են Թուրքիայի և Ռուսատանի միջև առևտրաշրջանառության ծավալները, այնինչ նախորդ տարի ընդհանուր ծավալը կազմել էր 33 մլրդ 25 մլն դոլար։
Երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են ռուսական շուկայում թուրքական ընկերությունների ներգրավածությանը միտված քայլերը։
ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքով մի շարք եվրոպական ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Այս ամսից սկսած Ռուսաստանը ԵՄ-ից և Աֆրիկայից ոչ մի արտադրանք չի կարողանալու գնել։
Նշենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակի գործարար համաժողովին։
Կարծիքներ