Ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար. Արայիկ Հարությունյան
Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով, Եվրոպայի երևանյան մրցաշարը նոր նշաձող կսահմանի:
«Մենք նմանատիպ խոշոր մարզական իրադարձություն վաղուց չենք հյուրընկալել Հայաստանում և թե´ պետությունը, թե´ ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը` մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն գնահատականները, որ ստանում ենք միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը: Նա շեշտեց, որ բոլոր մասնակից պատվիրակությունների և մարզիկների մասին հոգ տարված է:
«Մենք տրամադրված ենք լավագույն արդյունքներից մեկը սահմանելու Եվրոպայի այս առաջնությունում: Առաջնության ընթացքում բռնցքամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներին կհյուրընկալենք Հայաստանում»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը չնշեց բացման արարողության վերաբերյալ մանրամասները, սակայն ընդգծեց, որ շոուն լինելու է Հայաստանում վերջին տարիներին կազմակերպված միջոցառումների ավանդույթներով:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները` կկայանան 30-ին:
Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:
Կարծիքներ