Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Քանաքեռ-Զեյթուն անձնագրային ծառայությունում (ք. Երևան, Ահարոնյան փ. 3) հունիսի 20-ից գործելու է էլեկտրոնային հերթագրման կարգ (https://migration.e-gov.am/am/ հարթակի միջոցով):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.
– անձնագրավորում,
– նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,
– հաշվառում,
– հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերում,
– տեղեկանքների տրամադրում:
Նշվում է, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայույթյուն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։ Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։ «2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։ Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրույթան մեջ։
Կարծիքներ