Իրանի արտգործնախարարը Օմանում հանդիպել է հութիների պաշտոնական ներկայացուցչի հետ

Իրանի արտգործնախարարը Օմանում հանդիպել է հութիների պաշտոնական ներկայացուցչի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Օման կատարած այցի ընթացքում հանդիպել է Եմենի հութի ապստամբական շարժման Անսար Ալլահի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամի հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Աբդոլլահյանը «բարձր է գնահատում» հութիների գործողությունները, որոնք 2023 թվականի նոյեմբերից հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա՝ այդպիսով աջակցելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Իսրայելի հետ առճակատման հարցում։

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև դատապարտել է Եմենի տարածքում ապստամբների օբյեկտներին բրիտանական և ամերիկյան հարվածները։ Նրա խոսքով՝ կոալիցիոն ուժերի գործողությունները «խախտում են Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սատարում են Սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործություններին ընդդեմ ճնշված Պաղեստինի ժողովրդի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում