Քննարկվել են Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներն ու դրանց լուծումները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ Մասիսի համայնքապետարանում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ օրակարգային հարցերով համակողմանի քննարկում է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Քննարկմանը մասնակցել են նախարարության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության պետ Հարություն Երեմյանը, Հրազդանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Անդրանիկ Առաքելյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Մասիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ քննարկվող խնդրի կարևորությունը գիտակցելու և համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ տարածքում ջրային ռեսուրսների կառավարումը անհամեմատ խոցելի է թե՛ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության, թե՛ դրանց արդյունավետ օգտագործման և թե՛ խորքային հորերի կարգավորումների առումներով։
Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ նախարարության կողմից առայսօր իրականացված միջոցառումներին, պարբերական դիտարկումներին և օրենդրական դաշտի լավարկմանն ուղղված քայլերին։
Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը արձանագրված խնդիրների թվում ներկայացրել է վիճակագրություն Մասիս համայնքի 12 բնակավայրերում առկա խորքային հորերի վերաբերյալ։ Նշված բնակավայրերում ուսումնասիրվել է 336 խորքային հոր, որից 15-ը ենթակա է լուծարման կամ կոնսերվացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ակտիվ և կառուցողական քննարկման արդյունքում շահագրգիռ բոլոր կողմերը վեր են հանել ներկայացված բնակավայրերում ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման քայլերի առաջնահերթությունները։
Քննարկման ավարտին նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումների արդյունավետությունն անխուսափելի է՝ ի շահ ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարմանը:
Կարծիքներ