Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին
Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում և բարերարների միջոցներով մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:
Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխել է Օրբելյան իշխանական տունը:
Զորաց եկեղեցին գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):
Կարծիքներ