Գալուզինը նշել է, թե որ դեպքում ՌԴ-Ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Ռուսաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միայն այն դեպքում, եթե Արևմուտքը հաշվի առնի Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում:
«Կարող ենք միասին աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ, բայց այն ըմբռնմամբ, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն վերցնելու մեր մշակումները և դրանք ներկայացնեն որպես իրենց առաջարկներ, այլ իրենց գործողությունները կտեղավորվեն հայ-ադրբեջանական կարգավորման այն ձևաչափերում, որոնք արդեն մշակվել են կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ։ Հենց այս տեսանկյունից ենք մենք մոտենում Եվրամիության և ԱՄՆ-ի հետ շփումներին այդ հարցի շուրջ», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինի խոսքով՝ կան խաղաղ կարգավորման ձևաչափեր, որոնք մշակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականին և դրան հաջորդող երկու տարիներին։
«Եվ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ցանկանում են օգնել դրանց իրագործմանը, ապա, իհարկե, մենք դրան չենք հակազդի: Բայց եթե խոսքը ռուսական մշակումներից օգտվելու և առանց Ռուսաստանի գործելու մասին է, հասկանալի է, որ նման մոտեցումը մեզ համար չի կարող ընդունելի լինել։
Եվրամիությունը ոչ այնքան մտահոգված է կարգավորմամբ, որքան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելով։ Եվ դրանում ես տեսնում եմ անհասանելիին հասնելու արևմտյան կուրսի մի մասը, այն, ինչ նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա նման կուրսի դրսևորումներից մեկն է», - ասել է նա։
Կարծիքներ