Վախճանվել է իրանահայ վաստակավոր ուսուցիչ եւ գրող Աստղիկ Բաբայանը
Վախճանվել է իրանահայ վաստակավոր ուսուցիչ եւ գրող Աստղիկ Բաբայանը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի հայերի համագումարից:
«Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին վշտակցությունն է հայտնում նրա ընտանիքի բոլոր անդամներին, հարազատներին, եւ բոլոր նրանց, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու եւ շփվելու Աստղիկ Բաբայանի հետ Եվրոպայի Հայերի Համագումարի անդամներից եւ համակիրներից շատերը այսօր Եվրոպայում սիրով եւ ջերմությամբ են հիշում այն տարիները երբ Ա. Բաբայանը նրանց սիրելի տեսուչն էր եւ ուսուցիչը:
Նրա կյանքի եւ գրական հասարակական գործունեության մասին կարելի է խոսել եւ գրել երկար, սակայն մենք կմեջբերենք Արաքս շաբաթաթերթում հիշատակված կենսագրականը:
«Աստղիկ Բաբայան-Կարապետյանը ծնվել է 1936թ. Իրանի Արաք քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց «Դանայի», «Մանկական պալատ» և «Մարիամյան» դպրոցներում: Ապա բարձրագույն ուսումը ստացել է Բեյրութի «Հայկազյան» կոլեջում:
Վերադառնալով Թեհրան զբաղվել է ուսուցչությամբ, միևնույն ժամանակ ընդունվել է Թեհրանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո նույն ճյուղում ստացել է մագիստրատուրան:
1969-1982 թթ. ստանձնել է Թեհրանի հայոց «Թովմասյան» միջնակարգ, երկսեռ դպրոցի տեսչությունը:
1969 թվականից անդամակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: 1997 թ.-ից ղեկավարել միության Կանանց բաժանմունքը, իսկ 2009 թվականից վարել է նույն միության նախագահությունը:
1973թ. ամուսնացել է Սարգիս Կարապետյանի հետ, բախտավորվել երկու աղջիկներով:
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում: Իսկ ավելի ուշ՝ նրա բանաստեղծությունները իրենց ուրույն տեղն են գտել Իրանահայ գրական շրջանակի «Հանդիպում» պարբերագրքերում:
Նրա առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր»-ը, լույս է տեսել 2001թ.-ին, Թեհրանում, որին եկել են լրացնելու՝ «Ժամանակը սահում է և...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ» (4 հատորով), «Արծաթե գոտու հետքերով», «Գրքերի որբանոցը», «Հոգու գեղեցկությունը», ու մեծ թվով ձեռագրեր որ չհասցրեց հրատարակել...
Նրա գրքերի շնորհանդեսը, որ 2011թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպվել էր ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, ՀԲԸՄ-ի և «Արաքս» շաբաթաթերթի համատեղ ջանքերով վերածվեց ժողովրդական մեծարման»...
Հողը թեթեւ...»:
Կարծիքներ