Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:
Շրջաբերականում, մասնավորապես, նշված է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունն անհրաժեշտ է կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով: Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները»:
Համաձայն շրջաբերականի՝ համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ լիցենզիայով սահմանված ազատ տեղերի բացակայության դեպքում ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում կրթությունը կարող է կազմակերպվել՝ գերազանցելով տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված տեղերի թիվը, եթե համընկնում է ուսանողի ուսումնառած մասնագիտության հետ: Ուսանողն այս դեպքում կարող է ընտրել նաև այլ համայնքում կամ մարզում գործող ուսումնական հաստատություն։
«Ուսանողի ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ վերականգնման կարգի պահանջներով անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ուսանողին այլ ժամկետում վերականգնման համաձայնություն ստանալու համար»,-նշված է շրջաբերականում:
Շրջաբերականում նշվում է նաև, որ ուսանողների փոխհատուցման և աջակցության ծրագրերի մասին հավելյալ կտեղեկացվի:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10-599-623:
Կարծիքներ