Եվրամիության տնտեսությունը միայն 2 տարի հետո կվերականգնվի մինչեւ մինչճգնաժամային մակարդակ

Եվրամիության տնտեսությունը միայն 2 տարի հետո կվերականգնվի մինչեւ մինչճգնաժամային մակարդակ

Եվրամիության տնտեսությունը իր պատմության մեջ վատթարագույն ռեցեսիայից հետո միայն 2 տարի հետո կվերականգնվի մինչեւ մինչճգնաժամային մակարդակ, հայտարարել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար, Իտալիայի նախկին վարչապետ Պաոլո Ջենտիլոնին։ Նրա խոսքով՝ վերականգնմանը խանգարում է SARS-CoV-2-ի առաջացրած COVID-19 հիվանդության երկրորդ ալիքը, փոխանցում է DW-ն։

Եվրահանձնաժողովը նոր կանխատեսմամբ փոքր-ինչ բարելավել է ընթացիկ տարվա սպասումները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ Եվրամիության տնտեսությանը 2020 թվականին սպասում է 7,4 տոկոսով աննախադեպ անկում (հուլիսյան կանխատեսումը 8,3 տոկոս էր), մեկ տարի հետո այն կաճի 4,1 տոկոսով, իսկ 2022-ին՝ 3 տոկոսով։ Իսկ եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն ընթացիկ տարում կունենա 7,8 տոկոսով անկում (ամառային կանխատեսումը 8,7 տոկոս էր), բայց 2021-ին կաճի 4,2 տոկոսով, մեկ տարի հետո՝ եւս 3 տոկոսով։

Համավարակից առանձնապես ուժեղ տուժած ԵՄ երկրներին՝ Իսպանիային, Իտալիային եւ Ֆրանսիային սպասում է ավելի մեծ անկում, կարծում է Բրյուսելը։ Այսպես՝ իսպանական ՀՆԱ-ն 2020 թվականին կունենա 12,4 տոկոսով անկում, կարծում են կանխատեսման հեղինակները։

Ըստ Բրյուսելի՝ Գերմանիայի ՀՆԱ ծավալը այս տարի կնվազի 5,6 տոկոսով։ Հաջորդ տարի ԵՀ փորձագետները կանխատեսում են 3,5 տոկոսով աճ եւ եւս 2,6 տոկոսով՝ 2022-ին։

Համավարակի տնտեսական հետեւանքները չեն շրջանցել նաեւ աշխատաշուկան։ Եվրահանձնաժողովը սպասում է, որ 2020 թվականին գործազրկության մակարդակը կկազմի 7,7 տոկոս (մեկ տարի առաջ 6,7 տոկոս էր), մեկ տարի հետո կաճի մինչեւ 8,6 տոկոս, իսկ 2022-ին կնվազի մինչեւ 8 տոկոս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում